Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փաշինյան. Հայաստանի ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող համարձակվել ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից խլելու փորձ անգամ անել

Փաշինյան. Հայաստանի ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող համարձակվել ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից խլելու փորձ անգամ անել
06.07.2018 | 23:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն:

«Դա պետք է սկսվի ինձնից և ես այդպես էլ վարվում եմ: Ակնհայտ է, որ պետական ծառայությունը պետք է լինի իրոք ծառայություն, ոչ թե արտոնություններ ունենալու, չարաշահումներ անելու հնարավորություն»,- ասել է վարչապետը: Նա տեղեկացրել է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել ծրագրեր, որոնք նախընտրելի է, որ վերաբերեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին: «Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին: Միաժամանակ, նա նշել է, որ այլևս Հայաստանում բացառվելու են մենաշնորհները, այդ թվում՝ խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանման ուղղությամբ: Կառավարությունը խրախուսելու է, որ անասնապահությունը զարգանա և գյուղացին արտահանումից ստանա առավելագույն եկամուտ: «Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում, սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից: Մենք պետք է որևէ չարաշահում բացառենք: Նման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի և ընթացք կստանա: Այսօր որևէ մեկը որևէ մեկի առաջ չի կարող որևէ պարտավորություն ունենալ: Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս կանոնների շրջանակում աշխատել, ունեն իրենց համայնքների ժողովրդի աջակցությունը՝ մենք պատրաստ ենք այդ համայնքների ղեկավարների հետ աշխատել, ուս ուսի տալ և շարժվել առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հանդիպումներ է ունեցել Եղեգնաձոր և Արենի համայնքների բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մարզեր այցերի նպատակն է հավաստիանալ, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում և իրեն համարում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համահեղինակը: «Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք ուզում ենք, որ դուք վստահ լինեք, որ Հայաստանում ապօրինությունների, ամենաթողության, իշխանիկների, կոռուպցիայի, թալանի ժամանակն ավարտվել է: Եվ մենք միասին պետք է ստեղծենք նոր երկիր, նոր Հայաստան, որտեղ բարձրագույն սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, որն իրեն զգում է հպարտ, հաղթանակած, արժանապատիվ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը քայլ առ քայլ ժողովրդի հետ միասին վերակառուցելու է երկիրը՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը: «Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը հաղթել է և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող համարձակվել ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից խլելու փորձ անգամ անել: Ովքեր նման փորձ կանեն՝ կստանան կառավարության և ժողովրդի արժանի հակահարվածը: Ժողովուրդ ջան, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համբուրում եմ բոլորիդ, հպարտ եմ բոլորովդ և ես ուզում եմ դուք վստահ լինեք և համոզված, որ ձեր հաղթանակն այլընտրանք չունի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ